arshavakanner.am
Արշավականներ
Մեր մասին

Երկու խոսք

Մեր արշավախումբը բազմապիսի արշավների շնորհիվ նպաստում է երիտասարդության շրջանում մեր փառապանծ Հայրենիքի պատմության, պատմաճարտարապետական ու մշակութային կոթողների, բնության հուշարձանների ու տեսարժան վայրերի ճանաչմանը: Մենք նպաստում ենք հայ հասարակության արշավասեր հատվածի համախմբմանը և տարբեր արշավախմբերի անդամների միջև ծանոթությունների հաստատմանը:

Խմբի անդամները ամենատարբեր տարիքի և մասնագիտության մարդիկ են, որոնց համախմբում է մեծ սերը դեպի մեր երկիրն ու բնությունը: Նրանցից ամեն մեկը վառ անհատականություն է, բոլորն էլ աչքի են ընկնում յուրօրինակ նախասիրություններով և ընկերասիրությամբ, անհրաժեշտության դեպքում պատրաստ են առաջինն օգնության հասնել իրենց ընկերոջը:

Արշավներին կարող են մասնակցել բոլոր արշավասերները, չկա որևէ խտրականություն կամ սահմանափակում, իսկ արշավախմբի անդամ կարող է դառնալ յուրաքանչյուր ոք, ում հարազատ կլինեն մեր որդեգրած սկզբունքները և հաճախակի կմասնակցի մեր արշավներին:

 

Էդգար Հարությունյան

Խմբի հիմնադիրն ու առաջնորդը: Ավարտել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետը‚ սակայն 2003 թվականից իրեն ամբողջովին նվիրել է արշավներին: Նպատակը կարծես անիրականալի է. այցելել և լուսանկարել Հայոց հողի բոլոր վանքերն ու բերդերը: Հետաքրքրվում է Հայրենիքի յուրաքանչյուր անկյունում ծվարած հուշարձաններով‚ փորձում իմանալ դրանց մասին ավելին‚ քան գրված են հանրագիտարաններում: Սիրում է խաղալ նարդի‚ սեղանի թենիս: Չի սիրում զղջալ արածի կամ չարածի համար: Նրա խորին համոզմամբ` կյանքին պետք է նայել ժպիտով:

 

Տիգրան Շահբազյան

Խմբի հիմնադրման ակունքներում կանգնած անձնավորություն: Մասնագիտությամբ աշխարհագրագետ է: Արշավների ամենասիրելի պահը երեկոյան խարույկներն են‚ այդ պատճառով էլ բազմօրյա արշավների մեծ սիրահար է: Նրա համար արշավը առօրյա հոգսերից ու քաղաքի փոշուց կտրվելու‚ ինչպես նաև Հայրենիքը ճանաչելու‚ նորանոր բարձունքներ հաղթահարելու և բնությունից չհեռանալու միջոց է: Սիրում է զբաղվել համակարգչային գրաֆիկայով‚ իր օրը չի պատկերացնում առանց երգ-երաժշտության‚ կարելի է ասել‚ որ երաժշտություն լսելը նրա համար կարևոր զբաղմունք է:

 

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources